Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Բարզանի ու Էրդողան` թշնամինե՞ր, թե՞ գործընկերներ

Բարզանի ու Էրդողան` թշնամինե՞ր, թե՞ գործընկերներ
25.09.2017 | 10:26

Թուրք փորձագետները լարված սպասում էին Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ վարվող Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին, որի օրակարգում Թուրքիայի գործողությունների սցենարներն էին, եթե սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կայանա: Նախօրեին Էրդողանը Նյու Յորքում բանակցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո երկուսն էլ հայտարարել էին, որ չեն աջակցում Էրբիլի նախաձեռնությունը: Թուրքիայում սպասում էին կառավարության ու խորհրդարանի հատուկ նիստերին: Պատգամավորները պետք է քննարկեին օրինագիծը, որով մեկ տարով երկարացվում է Սիրիայում ու Իրաքում գործողությունների կառավարության մանդատը: Խորհրդարանը իր համաձայնությունը տվեց: Իրաքի հետ սահմանին Թուրքիան արդեն սկսել է զորավարժություններ: Հենց այդ ժամանակ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հաստատեց, որ անկախության հանրաքվեն չի հետաձգվի, քանի որ «Իրաքի հետ միասին լինելն անհնար է»: Թուրքական համարյա բոլոր տեղեկատվական հեռուստաալիքները, ներգրավելով երկրի ամենահայտնի փորձագետներին, քննարկում էին Անկարայի հնարավոր գործողությունների տարբերակները, որոնց իմաստը հանգում էր մեկ հարցի` պատերազմ սկսե՞լ Էրբիլի դեմ, թե՞ մշակել պատժամիջոցների ու ինչ-որ քայլերի փաթեթ` սերտ համագործակցելով Բաղդադի ու Թեհրանի հետ, որտեղ նույնպես հանրաքվեին դեմ են: Սակայն երբ տարածվեց տեղեկությունը, որ Անվտանգության խորհուրդը Քրդստանի անկախության հանրաքվեն համարում է անօրինական ու անընդունելի, որ Անկարան հանրաքվեի անցկացումը համարում է «ամբողջ տարածաշրջանին սպառնացող լրջագույն սխալ», որ հանրաքվեն «կհանգեցնի սարսափելի հետևանքների», որոշակիություն չհետևեց:

Հասկանալի է, որ, ինչպես արձանագրում է Haber 7-ը, «Մերձավոր Արևելքի բեմում հերթական պիեսն է բեմադրվում, որ կարող է բազում արարներ ունենալ, հիմա սկսվում է միայն առաջինը»: Այս օրերին, վերջին տասնամյակներում առաջին անգամ, թուրքական հեռուստաէկրաններին հայտնվեց ամերիկացի գնդապետ Պետերսի հայտնի քարտեզը, որտեղ ուրվագծված են Մեծ Մերձավոր Արևելքի ենթադրվող բաժանման սահմանները: Թուրք փորձագետները հիշում են` ինչպես 1926-ին Թուրքիան Անկարայում համաձայնագիր ստորագրեց Իրաքի ու Մեծ Բրիտանիայի հետ, որով որոշվեց ներկա թուրք-իրաքյան սահմանը` «Բրյուսելյան գիծը», որի դիմաց թուրքերին իրավունք էր տրվում 20 տարի Իրաքի կառավարությունից ստանալ ստանալ կամ Մոսուլի նավթից 10 % եկամուտ, կամ 500 հազար ֆունտ դրամական փոխհատուցում: Հիմա ի հայտ են գալիս հնարավոր աշխարհաքաղաքական տարբերակներ: Ասենք, Թուրքիան ստիպված է ընդունել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի փաստը: Այդ դեպքում Անկարայի 1926-ի պայմանագիրը լուծարվում է և հարց է ծագում` կարո՞ղ է Թուրքիան վերականգնել Մոսուլի ու Քիրկուկի վրա իր իրավունքները: Կարծիք կա, որ այդ խնդիրը պետք է գերակա դառնա Էրբիլի հետ հետագա հարաբերությունների կառուցման մեջ, Էրբիլի ճանաչման գլխավոր պայման: Կամ Անկարան պետք է որոշում կայացնի օկուպացնել Իրաքյան Քրդստանի մի մասը` մի իրավիճակում, երբ երկրի ներսում ակտիվ գործում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, իսկ Սիրիայում քրդերին աջակցում է ԱՄՆ-ը: Բարձրաձայնվում է և վարկած, որ Անկարան հույս ունի, որ անկախ Իրաքյան Քրդստանը Մոսուլ ու Քիրկուկ քաղաքների հետ, կանցնի իր հովանավորության տակ: Այդ ժամանակ ԻՊ-ի դեմ պայքարում սիրիացի քրդերին ԱՄՆ ակտիվ աջակցությունը և Սիրիայում նրանց ինքնավարության կարգավիճակ ստանալու ռեալ հեռանկարը ընկալվում է իբրև «Մեծ Քրդստան» գործողության փուլային շարունակություն` հետագայում դեպի Իրան ելքով: Դա ենթադրում է տարածաշրջանի մի քանի պետությունների մասնատման գործընթացների շարունակում ու արագացում: Առաջ Թուրքիայում (և ոչ միայն այնտեղ) քիմեռա էին համարում Իրաքի հնարավոր մասնատման քարտեզը: Բայց այսօր, ինչպես կարծում են թուրք փորձագետները, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող է արագացնել պետականության ձևավորումը Իրաքի սուննիական (արևմուտքում) և շիական (հարավում) մասերում: Այդ համապատկերում անհասկանալի է մնում Քիրկուկի ճակատագիրը: Քրդերից բացի Քիրկուկում ապրում են մեծ թվով արաբ սուննիներ և թուրքմեններ: Եթե քրդերը վերահսկեն քաղաքը և միացնեն իրենց տարածքին, թուրքերի հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքում Անկարան սպառնում է խաղարկել Քիրկուկի թուրքմենների խաղաքարտը: Սակայն տարածաշրջանի իրադարձություններում ակտիվ ներգրավված են և արտաքին խաղացողներ: Ռազմական լուծման ընդդիմախոսները ասում են, որ Թուրքիայի ներխուժումը Իրաքյան Քրդստան ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը: Ակնհայտ է, որ Բարզանին առայժմ առաջ է անցնում Էրդողանից` անկախության հանրաքվեի համար ընտրելով իր համար բարենպաստ աշխարհաքաղաքական կոնյունկտուրա: Բարզանին, չխանգարելով Էրդողանին ռազմական գործողություններ ձեռնարկել ՔԱԿ-ի դեմ Իրաքի հյուսիսում, փաստացի թուլացրել է իր հնարավոր ընդդիմախոսների դիրքերը:

Ավելին` հակառակ Բաղդադի կառավարության կամքի, Անկարան Էրբիլի հետ էներգետիկ համագործակցություն է հաստատել, օբյեկտիվորեն նպաստելով նրա դիրքերի ամրապնդմանը: Ի՞նչ կար դրա հետևում` սովորական ցինիկ բիզնես-հաշվա՞րկ, թե՞ Բարզանիի ու Էրդողանի ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն, դժվար է ասել: Բայց թուրք փորձագետներն արդեն բարձրացնում են այդ հարցը: Ածխաջրածնային հումքի պահանջները թելադրում են գործողությունների որոշակի ոճ: Թուրքիան Իրաքյան Քրդստանի համար մնում է արտաքին շուկա էներգառեսուրսների ելքի միակ տարանցիկ երկիրը: Եթե Անկարան վճռի Հյուսիսային Իրաք ներխուժել, ձեռքի տակ պետք է ունենա իր գործողություններն արդարացնող փաստարկների համոզիչ փաթեթ: Դա կլինի հաջորդ արարը պիեսի, որի ամբողջ բովանդակությունը և հիմնարար սյուժեները դեռ ակնհայտ չեն, բայց շուտով ի հայտ կգան: Թուրք շատ փորձագետներ ենթադրում են, որ այս փուլում Թուրքիան Իրաքյան Քրդստանի հետ պատերազմ չի սկսի: Կսահմանափակվի, ինչպես նախազգուշացնում է վարչապետ Բինալի Յիլդիրիմը, «պատժամիջոցներով, որ արդեն ծրագրված են»: Մանրամասներ դեռ հայտնի չեն: Ենթադրվում է, որ կփակվի թուրք-իրաքյան սահմանային Հաբուր մաքսակետը, հնարավոր է` Անկարան հրաժարվի գնել ու փոխադրել քրդերի նավթն ու բնական գազը: Կդառնա՞ դա «չվերադարձի կետ», որից հետո Էրդողանի ու Բարզանիի հարաբերությունները վերջնականապես ու անդառնալի կփչանան: Շուտով կիմանանք:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ REGNUM


Հ.Գ. Այսօր Իրաքյան Քրդստանում հանրաքվեն, անտարակույս, «այո» կասի անկախությանը իր տարածքում, իսկ հարակից տարածքները, որ փեշմերգայի վերահսկողության տակ են, բայց միայն քրդաբնակ չեն, կդառնան կռվախնձոր ու ևս մեկ կոնֆլիկտի վայր` սառը կամ տաք: Հրապարակային քաղաքականության մակարդակում միայն Իսրայելն է կողմ հանրաքվեին ու Իրաքյան Քրդստանի անկախությանը, բայց ոչ Մասուդ Բարզանին, ոչ քրդերը չէին գնա այդ քայլին, եթե չունենային ստվերային պայմանավորվածություններ ու գաղտնի համաձայնություն պետության հետագա գոյության համար: Հանրաքվեն ու Իրաքյան Քրդստան պետության ստեղծումը մեծ ծրագրի մի մասն է միայն, որը փոխում է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ստեղծված սահմանները և ձևավորում նոր համակեցություն` ըստ ուժերի ներկա դասավորության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ